Վրաստանն այլեւս չի տուգանում այն ավտոմեքենաներին, որոնք Վրաստանի տարածք են մտնում ԱՊՊԱ-ի կտրոնով։ Այդ մասին այսօր՝ մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին։

Խնդիրը վերաբերում է եւ ջավախահայերին, որոնք Հայաստանում գտնվելիս պարտավոր են ժամանակավորապես ապահովագրել ավտոմեքենաները, եւ Վրաստան մուտք գործող Հայաստանի քաղաքացիներին։

Վրաստանում գործող օրենքների համաձայն՝ արգելվում է ավտոմեքենայի դիմապակուն կտրոն փակցնել։ «Ձեր հարցն արդեն հնացած է»,- այսպես արձագանքեց լրագրողի դիտարկմանը վրացի նախարարը։

Նշենք, որ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանը մարտի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց, որ Վրաստան մուտք գործող մեքենաների տերերին տրամադրվում են ԱՊՊԱ-ի այնպիսի կտրոններ, որոնք ոչ թե սոսնձվում են դիմապակուն, այլ փակցվում այնպես, որ անհրաժեշտության դեպքում հեշտությամբ ու առանց վնասելու հանվեն: