Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորում է բոլոր մակարդակներում հայ-վրացական փոխայցելությունների ու շփումների ակտիվացումը:
Այս մասին Սերժ Սարգսյանը նշել է այսօր՝ մարտի 18-ին Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիի հետ հանդիպման ժամանակ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-վրացական շփումների ակտիվացման մասին խոսվել է նաեւ Վրաստանի նախագահ Սաակաշվիլիի տարեսկզբին Հայաստան կատարած այցի ժամանակ:
Նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին Հանրապետության ղեկավարին ներկայացրել է գործընկերոջ` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հետ ունեցած արդյունավետ քննարկումների, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնք վերաբերել են երկու երկրների համար կարեւոր նշանակություն ունեցող Վերին Լարսի ճանապարհահատվածի վերակառուցմանն ու բնակլիմայական պայմանների հարուցած դժվարություններից անկախ` անխոչընդոտ բեռնափոխադրումների իրականացմանը, Հյուսիս-Հարավ ավտոմոբիլային ճանապարհի կառուցմանը, իսկ Վրացական կողմից` Ախալցխա-Բաթումի տարանցիկ ճանապարհի վերակառուցմանն ու ճանապարհաշինության բնագավառում փորձի փոխանակմանը:





























