Թուրքիայում վերջին շրջանում մոդայիկ է դարձել հիշել իրավական որեւէ ուժ չունեցող Մոսկվայի պայմանագրի մասին, որ ստորագրվել էր առանց Հայաստանի ներկայացուցչի, այդ ժամանակ աշխարհի քարտեզի վրա գոյություն չունեցող Քեմալական Թուրքիայի եւ Բոլշեւիկյան Ռուսաստանի միջեւ, Կարսի պայմանագրի մասին, բայց չգիտես ինչու մոռանում են Սեւրի պայմանագրի, վավերացման սպասող հայ-թուրքական արձանագրությունների մասին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Մեկնաբանելով քաղաքական շրջանակներում տարածված կարծիքները, թե Ռուսաստանը դավաճանել է Հայաստանի շահերը, Շարմազանովն ասել է, թե հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են այնպիսի բարձր մակարդակի վրա, որ ոչինչ չի կարող ստվերել դրանք:
Նշենք, որ մարտի 16-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը` Մոսկվայի պայմանագրի ստորագրման 90-ամյակի օրը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունները բողոքի ակցիա են արել Երեւանում Ռուսաստանի դեսպանատան մոտ` Ռուսաստանին մեղադրելով Հայաստանի կենսական շահերը դավաճանելու մեջ:





























