Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի առաջին այցը տարածաշրջան հետաձգվում է: Ավելի վաղ նշվում էր, որ նա այցելելու է Ադրբեջան, սակայն այցն դեռ չի կայանա: Պատճառը ոչ միայն իրավիճակն է Հարավային Աֆրիկայի երկրներում, ինչպես հաղորդում են պաշտոնական աղբյուրները, այլեւ Բաքվում ժողովրդավարական իրավունքների խախտումները:

Նշենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը Բաքվում հայտարարել էր, որ Ադրբեջանին անհրաժեշտ է առաջընթաց արձանագրել ժողովրդավարության ոլորտում, ապահովել քաղաքական բազմակարծություն, մամուլի հավաքների ու խոսքի ազատություն: Նա նշել է նաեւ, որ Ադրբեջանում խնդիրներ կան նաեւ  ազատ ընտրությունների անցկացման առումով:

Ինչ վերաբերում է Վրաստանին, Ապաթուրայն ասել է, որ հաջորդ տարին Վրաստանի համար եվրաինտեգրման տեսանկյունից շատ կարեւոր է: Նրա խոսքով, 2008 թվականին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի որոշումը, ըստ որի Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ, օրակարգում է:

«Եվրաինտեգրմանն ուղղված Վրաստանում ժողովրդավարական փոփոխությունները պետք է շարունակվեն: 2011 թվականն այդ հարաբերություններում կարեւոր է: Վրաստանում ընթացող գործընթացները կվերահսկվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից, իսկ Դաշինքը ՆԱՏՕ-Վրաստան գործընկերության շրջանակներում կօգնի այդ փոփոխությունների իրականացմանը»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը:

Հայտնի է նաեւ Ապաթուրայի կարծիքը հակամարտությունների մասին: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն մտադիր չէ մասնակցել ԼՂ խնդրի կարգավորմանը:

«ՆԱՏՕ-ն չի տեսնում իր դերը ԼՂ խնդրի կարգավորման գործում, թեեւ երկու երկրների հարաբերությունները մտահոգում են մեզ»,- փետրվարի 14-ին Մոսկվայում կայացած ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը, հավելելով, որ Դաշինքը չի խառնվի նաեւ Աբխազիայի եւ հարավային Օսիայի խնդիրների լուծմանը: