ԱՄՆ-ի Պիտսբուրգ քաղաքում G-20 երկրների գագաթնաժողովի շրջանակներում կարճ առանձնազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրանք անդրադարձել են նաեւ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Օբաման ու Էրդողանը 15 րոպե տեւած առանձնազրույցի ընթացքում անդրադարձել են Միջի Արեւելքի խնդիրներին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը եւ Ադրբեջանին։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դրական է արտահայտվել վերջին շրջանում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված զարգացումներին եւ նշել, որ երկու երկրների հարաբերությունների զարգացումը տարածաշրջանային կարեւորություն ունի։
Թուրքիայի վարչապետ Էրդողանը տեսակետ է հայտնել, որ Հայաստան-Ադրբեջան հակամարտության մեջ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից ստեղծված Մինսկի խմբի շատ ավելի մեծ դերակատարումը գործը կարող է հեշտացնել։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է, որ գիտակցում է ղարաբաղյան խնդրի լուծման կարեւորությունը։




























