Ուկրաինացի Վիտալի Կլիչկոն, առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկելով կուբացի Օդլանյեր Սոլիսին, պաշտպանեց WBC` Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի վարկածի աշխարհի չեմպիոնի տիտղոսը գերծանրքաշային կարգում: Գերմանիայի Քյոլն քաղաքում կայացած մենամարտի հենց առաջին ռաունդում Սոլիսը նահանջելիս վնասել է ոտքը եւ ընկել է: Նա կարողացել է 10 վայրկյանում կանգնել, սակայն հրաժարվել է շարունակել մենամարտը:  2008թ. հոկտեմբերին նիգերիացի Սեմուել Փիթերից նվաճած տիտղոսը Կլիչկոն պաշտպանեց արդեն վեցերորդ անգամ: Վիտալի Կլիչկոն ինը տիտղոսային մենամարտերում տարել է նույնքան հաղթանակ: Սոլիսն առավել հայտնի է սիրողական բռնցքամարտի տիտղոսներով: Նա Աթենքի Օլիմպիական խաղերի չեմպիոնն է, երեք անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոն: Հռչակավոր Ֆելիքս Սավոնի հետ անցկացրած երեք մենամարտերից երկուսում հաղթել է Սոլիսը: