«Ողջունում եմ ՀՀ նախագահի Սփյուռքում հանդիպումներ նախաձեռնելու քայլը` որտեղ կքննարկվեն հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանը:

«Ես կարծում եմ, որ դա նախապես Հայաստանում ծավալված այդ քննարկումների ընդհանուր շրջանակի մեջ է: Համոզված եմ, որ համազգային խնդիրների շուրջ անհրաժեշտ է համաձայնություն ունենալ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Սփյուռքում: Կարծում եմ, որ սփյուռքյան քննարկումը միայն օգտակար է՝ պարզելու համար մեր ժողովրդի առնվազն կեսի վերաբերմունքը սպասվող քաղաքական անցուդարձի նկատմամբ»,- ընդգծեց նա:

Հարցին, թե կարծում եք, որ Սերժ Սարգսյանի կհաջողվի՞ «լեզու գտնել» Սփյուռքի հետ, հաշվի առնելով, որ հայ-թուրքական արձանագրությունները միանշանակ չեն ընդունվում նրանց կողմից, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Դաշնակցության տեսակետները հնարավոր է փոխել, բայց մնացածների հետ երկխոսություն կարծում եմ, որ հնարավոր է»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Լոս Անջելեսում հայկական երեք ավանդական կուսակցությունները, ՀՅԴ-ն, ՍԴ Հնչակյան կուսակցությունն ու Ռամկավար-ազատական կուսակցությունը համատեղ հանրահավաք են անցկացնելու ընդդեմ այդ արձանագրությունների: