«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը հայտարարել է, թե հոկտեմբերին Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային պատասխան խաղը դիտելու համար նախագահ Սերժ Սարգսյանի առջեւ մի քանի օրով կբացվի սահմանը, որից հետո կփակվի:

«Մինչեւ հոկտեմբեր գործընթացները արագանալու են»,- ասել է Սաֆարյանը, միաժանմանակ հավելելով, թե հայ-թուրքական բանակցությունների առկա ձեւաչափն ամենեւին էլ իրեն չի սպառել: «Ես չեմ կարծում սպառել է: Ես կարծում եմ դեռեւս առկա են լուրջ հնարավորություններ շտկումներ մտցնելու համար: Մեր քաղաքական ուժը չի տեսնում, որ պետք է վախենալ պրոցեսից»:Ստեփան Սաֆարյանը նաեւ նկատել է, թե Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը շարունակում են Քոչարյանի ու Օսկանյանի քաղաքականությունը, որոնք Թուրքիայի հետ գաղտնի բանակցություններ էին վարում դեռ 2007-ից: «Վարդան Օսկանյանը ամենեւին էլ պատահական չէ, որ մեղադրում է այն բանում, որ բանակցությունները հրապարակայնացվել են: Ես կարծում եմ, որ Վարդան Օսկանյանն առաջին հերթին անհանգստացած է այն բանից, որ վաղ թե ուշ բացահայտվելու է, որ այս գործընթացի ակունքներում կանգնած են ինքն ու Ռոբերտ Քոչարյանը: Եվ ես կարծում եմ, որ թիվ մեկ սխալը, որ գործեց Սերժ Սարգսյանի վարչակազմը, այդ ծուղակի մեջ ընկնելն է»,- նշել է պատգամավորը: