Հայ-խորվաթական հարաբերությունների զարգացմանը նոր թափ կհաղորդի 2011-ին սպասվող՝ Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչի այցը Հայաստան: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Երեւանում Խորվաթիայի խորհրդարանի նախագահ Լուկա Բիբիչի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը նշել են, որ 2009-ին Հայաստանի եւ Խորվաթիայի նախագահների փոխայցելություններից հետո երկու պետությունների միջեւ համագործակցությունը նշանակալի կերպով սերտացել է: Էդվարդ Նալբանդյանը ընդգծել է, որ հարաբերությունների զարգացմանը նոր թափ կհաղորդի 2011-ին սպասվող՝ Խորվաթիայի Նախագահ Իվո Յոսիպովիչի այցը Հայաստան:
Զրուցակիցներն ընդգծել են, որ խորհրդարանների միջեւ կապերը ոչ միայն դրական նշանակություն ունեն երկկողմ հարաբերությունների, այլեւ միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության տեսանկյունից:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, ինչպես նաեւ առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցությանն առնչվող հարցերին:
Էդվարդ Նալբանդյանն ու Լուկա Բիբիչը մտքեր են փոխանակել ԵՄ հետ համագործակցության, միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ:
Խորվաթիայի խորհրդարանի նախագահի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:


























