Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 1-ին, հանդիպել է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած Հայաստանի մասնագետների առաջին խմբի անդամներին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Վարչապետը ողջունել է մարդասիրական առաքելության իրականացրած խմբի անդամներին եւ շնորհակալություն հայտնել նրանց՝ առաքելությունը բարեհաջող իրականացնելու համար: «Այս տարվա փետրվարին ՀՀ կառավարությունը Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու վերաբերյալ շատ կարեւոր որոշում կայացրեց, որն, իհարկե, բազում քննարկումների առիթ դարձավ՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական: Բայց, այնուամենայնիվ, ուզում եմ ընդգծել, որ այդ առաքելության ամենակարեւոր եւ թերեւս միակ բովանդակային կողմը դա մարդասիրական առաքելությունն է»,-նշել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս առաքելությունը նույնիսկ պատմական է համարում, որովհետեւ այն մեր ազգային հարգանքի, տուրքի մատուցումն է Սիրիայի ժողովրդին, ովքեր 1915 թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին ապաստան են տվել:

«Կարծում եմ, որ այս պատկերը շատ կոնկրետ արտահայտում է այն մեծ բարոյական եւ պատմական առաքելությունը, որ դուք եւ ձեր դեմքով եւ նաեւ մեր այս պահին այնտեղ գտնվող առաքելության ներկայացուցիչների տեսքով Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է»,-ասել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետը ներկայացրել է առաքելության ընթացքում արձանագրված արդյունքը՝ թվերով. այս ընթացքում, հայաստանյան առաքելության կողմից ականազերծվել է, մասնավորապես, 27 հազար 510 քմ տարածք, վիրաբուժական օգնություն է ցուցաբերվել 241 հիվանդի, թերապեւտիկ բնույթի բուժօգնություն է ցուցաբերվել 626 քաղաքացու, իրականացվել է 1067 կլինիկա-լաբորատոր հետազոտություն:

«Սրանք իսկապես թվեր են, որոնց արժեքն առաջին հերթին գիտեն այս թվերի հետեւում կանգնած մարդիկ, այն մարդիկ, ում կյանքի որակը որոշակի փոփոխություն է կրել այդ առաքելության կատարման ընթացքում: Իհարկե, մեր առաքելության մեջ շատ կարեւոր տեղ է զբաղեցնում նաեւ Հալեպի մեր հայրենակիցների անվտանգության ապահովումը, նաեւ Հալեպի հայկական մշակութային ժառանգության անվտանգության ապահովումը: Սա նաեւ խորհրդանիշն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունն, ի վերջո, տեր է հայ ժողովրդի թողած մշակութային ժառանգությանը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլեւ նրա տարածքից դուրս»,-շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է նաեւ, որ շատ բարձր է գնահատում այն աջակցությունը, որ այս առաքելության իրականացման ընթացքում ցուցաբերել է Ռուսաստանի Դաշնությունը:

«Եվ շատ կարեւոր եմ համարում, որ բոլորովին վերջերս Հայաստանի պաշտպանության նախարարությունը ՄԱԿ-ի կենտրոնակայանից ստացել է պաշտոնական նամակ, որով Միացյալ ազգերի կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությանը շնորհակալություն է հայտնում Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնելու կապակցությամբ: Սկսած սիրիական ճգնաժամի ծագումից, բռնկումից, Հայաստանի Հանրապետությունն անտարբեր չի եղել Սիրիայի բարեկամ ժողովրդի եւ պետության ճակատագրի նկատմամբ: Այս ընթացքում 2016թ., 2017թ., 2018թ. Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա, եւ մենք, իհարկե, մեր դիրքորոշումը շատ հստակ ենք գծագրել, մենք Սիրիային եւ նրա ժողովրդին ցանկանում ենք խաղաղ կյանք, ցանկանում ենք, որպեսզի ճգնաժամն օր առաջ հաղթահարվի եւ ցանկանում ենք, որ սիրիացի ժողովուրդն օր առաջ վերադառնա խաղաղ կյանքի»,-նշել է գործադիրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել մարդասիրական առաքելություն իրականացրած խմբի անդամներին եւ հաջողություն մաղթել այս պահին Սիրիայում առաքելություն իրականացնող մեր հայրենակիցներին, բժիշկ մասնագետներին, սակրավորներին, մյուս մասնագետներին: «Ուզում եմ ընդգծել, որ ահա այս վերաբերմունքը եւ դիրքորոշումը Սիրիայի Արաբական Հանրապետության, սիրիացի բարեկամ ժողովրդի նկատմամբ չի փոխվելու, եւ մենք ամեն ինչ կանենք մեր աջակցությունը ցուցաբերելու ճգնաժամի կարգավորմանը, առաջին հերթին ես նկատի ունեմ հումանիտար ճգնաժամը, որովհետեւ ինչպես արդեն ասացի, մեր առաքելությունը մարդասիրական առաքելություն է»,-ասել է վարչապետը: