Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Տիգրան Սահակյանի, այսօր` հուլիսի 2-ին մերժել է Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանի կալանավորման դեմ բողոքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը: Նշենք, որ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Պետրոսյանը 70 տարեկան է:

Հիշեցնենք, որ  վերաքննիչ դատարանում հունիսի 27-ին տեղի էր ունեցել Գեղամ Պետրոսյանի կալանքի դեմ բողոքի գործով դատական նիստ, որը հետաձգվել էր մինչև այսօր`հուլիսի 2-ը: Հիշեցնենք, որ Զաքար Հովհաննիսյանը մահացել է 2008թ. մարտի 2-ին Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցում՝  ստացած հրազենային վնասվածքից։

Դեպքից 10 տարի անց՝ 2019թ. հունիսի 4–ին Հովհաննիսյանի սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվեց, ապա կալանավորվեց ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած 70–ամյա Գեղամ Պետրոսյանը: