Վրաստանը ողջունել  է ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձեւը, որով Եվրոպական կոալիցոն ուժերը ռազմական գործողություններ են իրականացնում Լիբիայում։ Այսօր՝ մարտի 21-ին իր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ հայտարարել  է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն։

Նրա խոսքով «Վրաստանը ողջունում է միջազգային հանրության բոլոր որոշումները, որոնց նպատակը խաղաղությունն է եւ իրավիճակի կայունացումը»։

«Միաժամանակ, չենք կարող մեր ցավակցությունները չհայտնել խաղաղ բնակիչների շրջանում զոհերի հարազատներին»,-նշել է փոխնախարարը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ է ընդունել, որը ենթադրում է  ցանկացած գործողություն, այդ թվում ռազմական միջամտություն՝ Լիբիայի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար: Բանաձեւն արգելու է միայն ցամաքային ներխուժումը Լիբիայի տարածք:

Մարտի 19-ին Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին պատկանող ռազմական օդանավերն սկսեցին ռմբահարել Լիբիայի տարածքը: Մի քանի ժամ անց նրանց միացան նաեւ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի օդանավերը:

Լիբիայի դեմ ռազմական միջամտության օգտին արտահայտվել են մի շարք եվրոպական եւ արաբական երկրներ։

Լիբիայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ այդ հարվածներից  մահացել է ավելի քան 60 խաղաղ բնակիչ, այնինչ արեւմտյան երկրները այդ տվյալները չեն հաստատում: