Հուլիսի 2-ին կայացել է Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստը՝ ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվիաբոյի (Louise Mushikiwabo) նախագահությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Նիստի ընթացքում ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկայացրել է Երեւանի գագաթաժողովի հանձնառությունների իրականացման ընթացքը՝ կոչ անելով կազմակերպության անդամ պետություններին ներկայացնել Երեւանի գագաթաժողովի շրջանակներում ընդունված որոշումների իրականացման համար ձեռնարկված միջոցառումները։ Նա նաեւ ներկայացրել է գագաթաժողովում Հայաստանի նախագահության ընթացքում ՖՄԿ-ի հետ իրականացվելիք նախաձեռնությունները։

ՀՀ ներկայացուցչի ելույթից հետո ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն շնորհակալություն է հայտնել Հայաստանին եւ անձամբ ՀՀ ներկայացուցչին՝ գագաթաժողովում լավ նախագահության եւ նրա կողմից Փարիզում իրականացվող գործունեության համար։