Ոստիկանությունը քիչ առաջ թույլ է տվել Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցության» հանրահավաքի մասնակիցներին մուտք գործել Ազատության հրապարակ:
Մի խումբ ոստիկաններ փակել էին Ազատության հրապարակի մուտքը, սակայն երթի մասնակիցների հետ բանակցություններից հետո թույլ են տվել մտնել հրապարակ:
Ի դեպ, ավելի վաղ Կարապետյանը հայտարարել էր, թե ոստիկանները, ի տարբերություն մարտի 17-ին կայացած ՀԱԿ հանրահավաքի, այս անգամ թույլ չեն տա մուտք գործել Ազատության հրապարակ, եւ այդ դեպքում պարզ կերեւա, թե ով է իսկական ընդդիմադիրը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, այսօր` մարտի 21-ին Մատենադարանի մերձակայքում կայացել է Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության հանրահավաքը: Տիգրան Կարապետյանը նախ պարզաբանել է, թե ինչու է հանրահավաքի մասնակիցների թիվն ավելի քիչ, քան նախորդ հանրահավաքներին: Նա նշել է, թե ոստիկանությունը փակել է ճանապարհները: Կարապետանը նաեւ նշել է, թե արմատապես փոխել է իր վերաբերմունքը «Ժառանգություն» կուսակցության եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ` վերջինիս խիզախ քայլից (հացադուլից- խմբ.) հետո:
Կարապետյանը նաեւ երթ է արել դեպի Ազատության հրապարակ եւ իր աջակցությունը հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա նշել էր, որ եթե Հայ ազգային կոնգրեսի նպատակը Ազատության հրապարակի նվաճումն էր, ապա իրենք մտադիր են միայն աջակցել Հովհաննիսյանին:
Տիգրան Կարապետյանը Ազատության հրապարակում հայտնեց, որ իրենց հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու ապրիլի 10-ին, ժամը 17-ին, Մատենադարանին հարող տարածքում:





























