Օրենսդիր եւ գործադիր իշխանությունները պետք է ձեռնպահ մնան դատական իշխանության հասցեին քննադատությունից։ Այս մասին ասել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը «Հայաստանի Սահմանադրությունը. կարմիր եւ կանաչ գծեր» կոնֆերանսում, որը կազմակերպել է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը։
Նրա խոսքով՝ ըստ էության, վեթինգը կիրառվում է հանուն դեմոկրատիայի։ Բայց խնդիրն այն է, որ դեմոկրատական կառավարումն ընթանում է մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հետ ձեռք ձեռքի տված։ Եթե դրանք բաժանենք, կարելի է կորցնել դատական համակարգի լեգիտիմությունը կամ ընկնել դեսպոտիզմի մեջ։ Ինչպես նշեց իրավաբանը, կան ՄԻԵԴ բազմաթիվ վճիռներ վեթինիգի կամ լյուստրացիայի դեմ Բալթյան երկրներում, որտեղ խախտվել են չափակցության եւ մարդու իրավունքների սկզբունքները։
Արա Ղազարյանը հիշեցրեց, որ դատական համակարգի անկախությունը դիտարկվում է 3 հարթությունում՝ հասարակական շահ, մարդու իրավունքներ եւ արդար դատավարություն, դատավորի՝ որպես քաղաքացու անձնական ազատություն։ Օրենսդիր եւ գործադիր իշխանությունները պետք է ձեռնպահ մնան քննադատությունից, որը կարող է վնասել դատական համակարգի անկախությանն ու հանրային վստահությանը։





























