«Խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացման գործընթացը ո'չ Հայաստանի օրենսդրությունն է պահանջում, ո'չ էլ Թուրքիայի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ու հավելեց. «Թուրքիան հաջողացրել է արձանագրությունների մեջ համատեղ համաձայնությամբ նշել, որ այդ երկու փաստաթղթերը պետք է հաստատվեն խորհրդարանների կողմից, ինչը նշանակում է, որ գործընթացը անվերջ կձգձգվի»:
Նա մտահոգված է, որ հայկական կողմի մտահոգությունները արձանագրություններում տեղ չեն գտել։ «Արձանագրություններում Ղարաբաղի խնդրի չլինելու հանգամանքը համարել հաղթանակ՝ անհեթեթություն է։ Այս գործընթացի մեջ Թուրքիան անընդհատ ասում է Ղարաբաղի մասին, իսկ մենք էլ ենթարկվում ենք՝ տակավին շարունակելով գործընթացը»,-ասաց Կիրո Մանոյանը:
«Մեր մոտեցումն այն է, որ այս արձանագրությունները Հայաստանի կողմից չստորագրվեն առանց փոփոխությունների, իսկ ստորագրության դեպքում էլ չներկայացվեն խորհրդարան»,- նշեց նա, ընդգծելով, որ գործադիրը պետք է իր վրա պատասխանատվություն կրի եւ հնարավորություն թողնի, առաջիկայում՝ թույլ տրված սխալները սրբագրելու։




























