Անկարայի ագրեսիվ քաղաքականությունը` միտված տարածաշրջանում եւ աշխարհում իր հեղինակության բարձրացմանը, չի կարող անհանգստություն չհարուցել, քանի որ այդ դեպքում Հայաստանը ստիպված է լինելու ապագայում գործ ունենալ ազդեցիկ երկրի հետ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում մարտի 22-ին հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նա ընդգծել է, թե Թուրքիան չի կարող օբյեկտիվ լինել Հայաստանի հանդեպ, ուստի նրա ազդեցության ավելացումը, եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը մասնակցելու ձգտումները հայկական կողմի համար անթույլատրելի են:
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին` թուրքագետը կարծիք է հայտնել, որ արձանագրությունները «սառեցված» վիճակում են, եւ այդ փաստը ոչ համոզիչ է դարձնում Անկարայի հայտարարությունները «զրո խնդիր հարեւանների հետ» ձգտումների վերաբերյալ:
Ըստ Մելքոնյանի` Հայաստանը դեռ սպառնալիք է ներկայացնում Թուրքիայի հեղինակության աճի համար: «Փաստը, որ հայ-թուրքական սահմանը փակ է, խոչընդոտում է Թուրքիայի քաղաքականության առաջ մղմանը»,- ասել է թուրքագետը:





























