Այսօր` սեպտեմբերի 26-ին կայացել է Եվրոպական կառույցների հետ Հայաստանի պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Քննարկվել են «Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ 2009-2011 թվականների միջոցառումների ծրագրի» իրականացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ ծրագրով վեց հիմնական` քաղաքական, իրավական, ենթակառուցվածքային, հումանիտար, շրջակա միջավայրի, առողջապահության եւ սոցիալական, ֆինանսատնտեսական եւ առեւտրային ուղղություններով նախատեսված 197 գործողությունների իրականացման համար ստեղծվել են 20 աշխատանքային խմբեր, որոնք արդյունավետ աշխատում են:

Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրերի կնքման շուրջ վարվող բանակցությունների ընթացքը ներկայացնելով՝ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը նշել է, որ ԵՄ-ի «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Հայաստանին առաջարկվում է նոր ասոցացման համաձայնագրեր կնքել:

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի առաջարկով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կքննարկի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ եւրոպացի փորձագետների մշակած օրենսդրական փոփոխությունների նախագիծը: Այն սահմանված կարգով կներկայացվի կառավարություն:

Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում հանձնաժողովը կարեւորել է «Արեւելյան գործընկերության» ծրագրի արդյունավետ իրականացումը, նոր խորացված պայմանագրային հարաբերությունների հաստատման, ԵՄ-ի ու Հայաստանի միջեւ մուտքի արտոնագրերի ստացման պարզեցված համակարգի ձեւավորման հնարավորությունը: