Եթե «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը (THY) հայտ ներկայացնի` Հայաստանում իր գրասենյակը  բացելու նպատակով, Հայաստանի քաղավիացիան անհատական կարգով կքննարկի այդ հայտը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը: Նա նշեց, որ անցած երկու շաբաթների ընթացքում որեւէ ավիափոխադրողի կողմից ՀՀ քաղավիացիային հայտ կամ դիմում չի ներկայացվել: Մինչդեռ, թուրքական մամուլը գրում է, որ THY-ն նման մտադրություն ունի:

«Գուցե իրենց ներսի բիզնես ծրագրերի քննարկումներն են հրապարակել: Համենայնդեպս, ՀՀ քաղավիացիայի հայաստանյան հատվածում նման տեղեկություն` «Թուրքական ավիաուղիների»  կողմից  գրասենյակ բացելու մասին, չկա»,-նշեց Մովսիսյանը: Նա նաեւ հավելեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ օդային փոխադրումների նպատակով կառավարական համաձայնագիր չկա, եւ յուրաքանչյուր հայտ անհատական քննարկման առարկա է դառնում: Հարցին, թե եթե Թուրքական ավիաուղիներն, այնուամենայնիվ, հայտ նեկայացնի, ինչպիսի՞ն կլինի ՀՀ քաղավիացիայի վերաբերմունքը, NEWS.am-ի զրուցակիցը պատասխանեց. «Դա կախված է նրանից, թե թռիչքային եւ ավիացիոն ի՞նչ ծրագրեր, ինչ վերլուծություններ  կներկայացվեն»:

Նշենք, որ Հայաստանի քաղավիացիան միջկառավարական համաձայնագիր ունի 44 պետության հետ:   

Հիշեցնենք, որ «Թուրքական ավիաուղիների» կառավարող խորհրդի նախագահ Համդի Թոփչուն ժամանակ առաջ հայտնել էր, թե իրենք ցանկանում են ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ կամուրջ դառնալ։ THY-ի ղեկավարի խոսքով՝ իրենք «այս խնդրում առաջնորդվում են պետական քաղաքականությամբ եւ Երեւանում գրասենյակ են բացել»։ «Մենք աշխատանքներ ենք իրականացնում, որ Լոս Անջելես-Ստամբուլ չվերթների ժամանակացույցը համընկնի Ստամբուլ-Երեւան չվերթների հետ։ Այն հայը, ով կնստի THY-ի ինքնաթիռ, կօգտվի Ստամբուլի ժամանակակից օդանավակայանից եւ նույնիսկ մեկ օր էլ կմնա Ստամբուլում, Թուրքիայի եւ թուրքի նկատմամբ իր տեսակետները լիովին կփոխի»,-շեշտել է Համդի Թոփչուն։