«Որքան ինձ հայտնի է, հանրապետության եւ առաջին, եւ երրորդ նախագահները տիրապետում են շախմատի նրբերանգներին, իսկ երկրորդ նախագահը թուլություն ունի մտավոր աշխատանք չպահանջող մարզաձեւերի նկատմամբ: Նախագահների նախասիրությունների միջեւ առկա այս յուրահատկություները գուցե կարող են նպաստել հայաստանյան գորդյան հանգույցի հանգուցալուծմանը»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
Նա նաեւ ասել է. «Քաղաքական գործընթացներում ժողովրդի վարքագիծը տարաբնույթ է։ 1988–ին ժողովուրդը պահանջում էր «Դեմիրճյան, հեռացիր», իսկ 1998–ին վանկարկում՝ «Դեմիրճյան, վերադարձիր»։ 1996–ին ժողովուրդը պահանջում էր «Լեւոն, հեռացիր», իսկ 2008–ին վանկարկում՝ «Լեւոն, վերադարձիր»։ Միգուցե սա՞ է հայաստանյան քաղաքական իրականության փայլն ու թշվառությունը։ 1804թ., երբ Նապոլեոնը հռչակվեց կայսր, ժողովուրդը փողոցներում դիմավորում էր նրան։ Տեսնելով խանդավառված բազմությունը՝ Նապոլեոնը եղբորն ասաց. «Ժողովուրդը նույնպիսի ոգեւորություն կդրսեւորի, երբ մի օր ինձ տանեն կառափնարան»:





























