Լավ կլիներ, եթե Հայաստանն ու Թուրքիան կարողանային առաջընթացի հասնել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում եւ վավերացնել նախկինում ստորագրված արձանագրությունները: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը աջակցում է առաջընթացին, սակայն, քանի դեռ դա տեղի չի ունեցել, համապատասխան աշխատանքը շարունակվելու է: Երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունների կարգավորման նպատակով տարբեր ծրագրեր են իրացվում, այդ թվում` ուսանողների այցելություններ, որպեսզի մարդիկ ավելի լավ իմանան իրար, անձնական շփումներ հաստատվեն:

Նշենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման արձանագրությունները ստորագրվել էին 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Թուրքիայի կողմից նախապայմաններ առաջ քաշելու պատճառով Հայաստանը ստիպված էր սառեցնել վավերացման գործընթացը: