Նիդեռլանդական ռադիոն մարտի 22-ին հաղորդել է, որ «Այաքս»-ի 21-ամյա խոստումնալից հարձակվող Արաս Օզբիլիզը Վարդան Մինասյանին ասել է, թե հավակնություն ունի խաղալու Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում, իսկ դա նշանակում է, որ նա մերժում է Հայաստանի հավաքականում հանդես գալու հրավերը առնվազն տեսանելի ապագայում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Արաս Օզբիլիզը հոլանդական Algemeen Dagblad թերթին ասել է. «Եթե ես կարողանամ աճել, իսկ դրա հնարավորությունը կա, ապա ես կընտրեմ նարնջագույնների թիմը»։

Նիդեռլանդական լրատվամիջոցները, հաղորդելով նրա մասին, նշում են, որ «Օզբիլիզը հայկական ծագում ունի, ծնվել է Թուրքիայի այն շրջանում, որը Հայաստանի մաս է կազմել»։

«Ես թուրքական անձնագիր չունեմ», - ասել է «Այաքս»-ի հարձակվողը։ Նա պատմել է, որ ծնողները Հոլանդիա են տեղափոխվել, երբ ինքը ընդամենը մեկ տարեկան էր։

ՖԻՖԱ-ի կանոններով, որեւէ երկրի հավաքականի կազմում հանդես եկող ֆուտբոլիստը իրավունք չունի խաղալ մեկ այլ երկրի հավաքականում։ Հետեւաբար` Արաս Օզբիլիզը կկորցնի Հոլանդիայի հավաքականում խաղալու հնարավորությունը, եթե հանդես գա Հայաստանի հավաքականի կազմում։