Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրի իրագործումը, ԵՄ շվեդական նախագահության համար առաջնահերթություն է ։ Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում, ասել է Շվեդիայի արտգործնախարարության լրատվության, տեղեկատվության եւ հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար, Սիսիլիա Ջուլինը։

«Եվրամիության „Արեւելյան գործակցություն“ ծրագրի գործընկեր երկրներում տարածած տեղեկատվությունը, թե, իբր ԵՄ նախագահող Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդը հայտարարել է ծրագրի դադարեցման մասին, իրականությանը չի համապատասխանում»,-ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ Շվեդիան ամբողջապես աջակցում է «Արեւելյան գործընկերություն» ծրագրի նախաձեռնությանը, որի սկիզբը դրվել է ընթացիկ տարվա մայիսին եւ նախատեսվում է գործընկեր երկրների հանդիպումները անցկացնել դեկտեմբերին։

""Արեւելյան գործընկերություն" ծրագրի դադարեցման խոսք անգամ լինել չի կարող։ Ընդհակառակը, ձգտում ենք առաջ մղել ծրագրի իրագործումը եւ ծրագրում ներգրավված պետությունների փոխգործակցության ամրակայումը"-ասել է դիվանագետը։

Նշենք, որ Եվրամիության «Արեւելյան գործակցություն» ծրագրում Հայաստանից բացի ներգրավված են՝ Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան եւ Բելառուսը։