Հայաստան-Ռուսաստան ընտրական խաղին մեծ հետաքրքրությամբ են սպասում ոչ միայն շարքային ֆուտբոլասերները, այլ նաեւ հայաստանյան քաղաքական գործիչներից շատերը: Նրանք բոլորը մեկ բան են ակնկալում` Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակը: Ու քանի որ խոսքը ֆուտբոլի մասին է, որտեղ հաղթանակը հաշվվում է դարպասում հայտնված գնդակների քանակով, խաղի արդյունքներն ամփոփելիս խորհուրդ է տրվում ժամանակավորապես մոռանալ «բարոյական հաղթանակի» տեսության մասին:

Ներկայացնում ենք մեր զրուցակիների կանխատեսումներն ու ակնկալիքները խաղից: Հայաստանի Աժ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյան. «Եթե Հայաստանի ազգային հավաքականը ցուցադրի այն խաղը, որը ցուցադրեց նախորդ երկու հանդիպումների ժամանակ, ապա ես կարծում եմ, որ մեր հավաքականը կհաղթի Ռուսաստանի ուժեղ ընտրանուն: Ես այդ հարցում լավատես եմ, որ մեր տղաները լավ նվեր կմատուցեն մեր ֆուտբոլասերներին»: Հետաքրքիր էր իմանալ, թե Դալլաքյանը սովորություն ունի՞ խաղադրույքներ կատարել բուքմեյքերական ընկերություններում: «Չէ, չէ, ես շա~տ հեռու եմ նման բաներից»,-արձագանքեց պատգամավորը:  

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը եւս դրականորեն է տրամադրված խաղին: «Շատ ցանկանում եմ, որ մեր թիմը հաղթի, ինչը հնարավորություն կտա մասնակցել Եվրոպայի եզրափակիչ առաջնությանը: Բայց, ցավոք սրտի, դատելով Ռոսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվակատի խոսքից, խաղը շատ դժվար է լինելու: Ես մեծ անհամբերությամբ եմ սպասում խաղին եւ տրամադրված եմ Հայաստանի գեղեցիկ հաղթանակին»,-նշեց Կարապետյանը: Նա եւս խաղադրույքներ կատարելու սովորություն չունի, քանի որ. «Պետք է ցավալ քո երկրի հավաքականի համար, այլ ոչ թե խաղի վրա փող աշխատել»:

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանը թեեւ այնքան էլ չի հետաքրքրվում ֆուտբոլով, սակայն մաղթում է, որ Հայաստանի հավաքականը հաղթանակ տանի: «Հուսով եմ, որ այդպես էլ կլինի»,-ասաց ընդդիմադիր գործիչը:

Մարքսիստ Դավիթ Հակոբյանն էլ ասաց, որ ֆուտբոլով չի հետաքրքրվում, քանի որ «մենք 70-ականների մակարդակի ֆուտբոլ չունենք եւ ընդհանրապես հետաքրքրությունը ֆուտբոլի, որպես սպորտաձեւի նկատմամբ, ինձ մոտ վաղուց արդեն սպառվել է»: «Չունենք բարձր ոճի ժամանակակից ֆուտբոլային թիմեր, որոնց ցուցադրած խաղով կարելի է հետաքրքրվել»,-նկատեց մարքսիստը: Այդուհանդերձ, նա կանխատեսեց, որ խաղում կհաղթեն ռուսները:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Սուրեն Աբրահամյանն էլ ասաց, թե Հայաստանի ազգային հավաքականի հետ կապված ոչ մի կանխատեսում ներկայացնել չի կարող: «Անկախ նրանից` Ռուսաստանի հետ կխաղա, Բրազիլիայի թե Արգենտինայի հետ»,-ասաց Աբրահամյանը` շարունակելով. «Իմ ամենամեծ ցանկությունն է, որ Հայսատանի հավաքականը հաղթի: Իմ վերաբերմունքը շատ սուբյեկտիվ է այդ առումով, դրա համար էլ ես բոլոր պարագաներում ակնկալում եմ Հայաստանի հավաքականիս հաղթանակը, միայն հաղթանակը»: 

ՀՖՖ նախկին նախագահը միաժամանակ անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, թե իբր «Հայաստանը խաղը ծախել է ռուսներին»: «Նման խոսակցություններին լուրջ չեմ վերաբերում, դրանք բլեֆ են»: Նա եւս խաղադրույքներ չի կատարում բուքմեյքերական ընկերություններում: «Ես էդ գործի մեջ չկամ, հեռու եմ»,-վստահեցրեց Աբրահամյանը:

 Ուշագրավ էր մեր զրույցը նաեւ Աժ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ: Նա, ի դեպ, նոր է վերադարձել Դուբայից, եւ առաջարկեց քաղաքական բնույթի հարցեր չտալ, քանի որ «կուրսի չի»` ինչ է եղել իր բացակայության ժամանակ:

Պարոն Ալեքսանյան, հարցը ֆուտբոլին է վերաբերում: Ի՞նչ սպասումներ ունեք մարտի 26-ի խաղից:

Պետք է կրենք, ի՞նչ սպասելիքներ պիտի ունենաք:

Իսկ մեր հավաքականն ունի՞ ռեսուրս` ռուսներին «կրելու» համար:

-Խի՞ չունենք, ունենք, լավ էլ ունենք:

Խաղին ներկա լինելո՞ւ եք, տոմսեր գնե՞լ եք:

Այո, գնել ենք:

Մենա՞կ եք գնում խուտբոլ նայելու, թե՞ ընկերների հետ:

Երեխեքիս հետ էլ եմ գնում, ընկերներիս հետ էլ: Էս խաղին էլ գնալու եմ էրեխեքիս ու ընկերներիս հետ: Տղա էրեխեքիս մասին ա խոսքը:

Իսկ աղջիկ երեխաներին ինչո՞ւ չեք տանում, չե՞ն սիրում ֆուտբոլ:

Դե էսքան ժամանակ չեմ տարել, բայց կարող ա ամսի 26-ին տանեմ:

Իսկ խաղադրույքներ կատարո՞ւմ եք բուքմեյքերական ընկերություններում:

Չէ, ես նման խաղեր չեմ խաղում:

Մեր հավաքականին խաղից առաջ ի՞նչ կմաղթեք:

Կմաղթեմ, որ լավ կրենք:

Իսկ Ռուսաստանի հավաքականին մաղթանք ունե՞ք:

(Ծիծաղում է) Լավ էլի, էդ հարցը տուր Ռուսաստանի բնակիչներին:

 Հ.Գ. Նշենք, որ «Եվրո 2012»-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին,  «Հանրապետական» մարզադաշտում` ժամը 19-ին:

Պատրաստեց` Հեղինե Մանուկյանը