Շիրակի մարզում փրկարար ծառայության նախաձեռնությամբ ձեւավորվելու է արտակարգ իրավիճակների հանձնաժողով: «Բնական աղետներից ոչ մի երկիր ապահովագրված չէ, ուստի անհրաժեշտ է բարձրացնել զգոնությունը ազգաբնակչության շրջանում»,- հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել են Շիրակի մարզի փրկարար ծառայության մասնագետները:

«Յուրաքանչյուր մարդ տարբեր իրավիճակներում իրեն ճիշտ պահելու համար պետք է լիարժեք իրազեկվի, միայն այդ դեպքում կորուստներ չեն լինի»,- ասել է արտակարգ իրավիճակների հանձնաժողովի մասնագետ Կառլեն Աբրահամյանը:

«Տարբեր դպրոցներում կատարած մեր ստուգայցերի ժամանակ բազմակի խախտումներ  ենք հայտաբերել եւ տուգանքներ կիրառել: Շատ դպրոցներ, օրինակ, հրդեհների ժամանակ խնդիրներ կունենան երեխաների տարհանման ժամանակ, քանի որ շատ դռներ կան, բայց փակ են»,-ասել է ԱԻՆ Շիրակի մարզի հրդեհային տեսչության պետի տեղակալ Աշոտ Պետրոսյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են Շիրակի մարզում գործող տարբեր հաստատությունների՝ հիվանդանոցների, դպրոցների, մանկատների, ծերանոցի եւ այլ կառույցների ներկայացուցիչներ ու ղեկավարներ: Նրանց հրահանգվել է, որ այսուհետ աշխատելու են սահմանված հատուկ ռեժիմով: Այսինքն, ցանկացած կառույցում գրանցված ամեն մի դեպքի մասին առաջինը պետք է տեղեկանան փրկարարներն ու մարզպետարանի համապատասխան վարչության այն աշխատակիցները, ովքեր ընդգրկված են այդ աշխատանքներում:

Ինչքանո՞վ են պատրաստ մարզի հիմնարկ-ձեռնարկությունները հնարավոր արտակարգ իրավիճակներում պաշտպանվելու եւ արագ արձագանքման: Այս ամենը մասնագետները կպարզեն առաջիկայում, երբ ստուգայցեր կիրականացնեն տարբեր հաստատություններում: Իսկ մինչ այդ կառույցների ներկայացուցիչներին տրվել են հանձնարարականներ՝ իրազեկման աշխատանքներ կատարելու համար: