Թերթը Ազգային ժողովում ընթացող Ընտրական օրենսգրքի քննարկումների եւ «Ժառանգություն» խմբակցության բոյկոտի շուրջ զրուցել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ:

Մենք չենք բոյկոտել՝ իշխանությունն է բոյկոտել Ազգային ժողովը, նրա աշխատանքային ոգին, որ կարծեք թե փոխզիջման, հանդուրժողականության վրա պետք է հիմնված լիներ։ Դա լավագույնս ցույց տվեց Ընտրական օրենսգրքի փոփոխութունների գործընթացը, երբ 2008թ. ստեղծվեց աշխատանքային խումբ, որը մի քանի նիստ գումարելուց հետո պարզապես անգործության մատնվեց՝ ի ցույց դնելով, որ իշխանությունները չեն ցանկանում գնալ կոնսենսուսի, համաձայնության ճանապարհով։

Այնուհետ տեղի ունեցավ բոլորիս հայտնի գործընթացը՝ նախապատրաստվեց միանձնյա օրենսգիրք, ուղարկվեց Վենետիկի հանձնաժողով, եւ որեւէ պատրաստակամություն չհայտնվեց լսելու ընդդիմախոսներին։ Հիմա ձեւական առումով, իհարկե, «Ժառանգությունը» կարող էր ներկա լինել, ներկայացնել այլ նախագիծ, բայց դա ավելի շուտ տխուր ներկայացման դեկորացիա կհիշեցներ, քան ռեալ գործընթաց, մտքերի իրական բախում եւ գաղափարների մրցակցություն։

Փաստորեն մենակ եք թողել Դաշնակցությանը, չեք օգնում՝ պաշտպանելու իր ներկայացրած այլընտրանքային նախագիծը իշխանության «ամբողջատիրական նկրտումներից»։

Շատ կուզենայի, որ Դաշնակցությունը հաջողեր, որովհետեւ, վերջին հաշվով, Ընտրական օրենսգրքի վերաբերյալ մեր դիրքորոշումները ձեւակերպել էինք համատեղ հայտարարությամբ։ Ըստ էության, այդ նախագիծը նաեւ մերն է, բայց, մյուս կողմից, փորձը ցույց է տալիս, որ անգամ այն դեպքում, երբ ունեցել ենք այլընտրանքային նախագծեր կամ մոտեցումներ, դրանք որեւէ կերպ իրենց շարունակությունը չեն ստացել, չեն արժանացել պատշաճ ուշադրության։ Կոալիցիան արտահերթության կարգով՝ շուտասելուկի նման, քննարկել եւ անցկացրել է իր տարբերակը։

Հետեւաբար այնքան էլ լավատես չեմ այդ հարցում, հատկապես երբ փոփոխությունները, որ Դաշնակցությունը փորձել է ներկայացնել մի քանի հոդվածով, իրականում արդեն իսկ պաշտոնապես մերժվել են անցյալ տարի կազմակերպված միջազգային համաժողովի ընթացքում։

Կարելի՞ է ենթադրել, որ հաջորդ խորհրդարանական քառօրյաներին էլ ձեզ չենք տեսնի Ազգային ժողովում, եւ ընդհանրապես, բոյկոտը կշարունակեք մինչեւ գարնանային նստաշրջանի ավարտը։

Դժվար է ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Որեւէ հստակ բան այս պահին չեմ կարող ասել։ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ Ազատության հրապարակից այլ տեղ գնալու ծրագիր չունի, իսկ եթե ինքը չի գնալու, բնականաբար մենք էլ կմնանք այստեղ։ Իր հետ միասին այլ որոշումներ կկայացնե՞նք, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա։