Աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 24-ին այցելել է Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամաս, ծանոթացել կառուցապատման աշխատանքների ընթացքին, նորակառույցների բնակարանային պայմաններին:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է «Գլենդել Հիլզ» ընկերության գլխավոր տնօրեն Վահե Ալմոյանը, դեռեւս 2008 թվականից ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ եւ Անի թաղամասերում բնակարանների եւ սպասարկման օբյեկտների կառուցման նպատակով անցկացված մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի եւ «Պետական գնումներ» ՊՈԱԿ-ի միջեւ կնքված գնման պայմանագրերի համաձայն 38,9 միլիարդ դրամի բյուջեի շրջանակներում ընկերությունը պարտավոր էր ապահովել 2300 բնակարան: Սակայն նախագծային աշխատանքների արդյունքում նախագծման եւ օպտիմալ լուծումների շնորհիվ հնարավորություն է ստեղծվել նախատեսված 2300 բնակարանի դիմաց նույն բյուջեի սահմաններում ապահովել 2812 բնակարան, որոնցից 1056-ի շինարարությունն ավարտվել է 2010-ին:
Այս փուլում Մուշ-2 թաղամասում կառուցվում է 33 բնակելի շենք` 1544 բնակարանով, իսկ Անի թաղամասում 5 բնակելի շենք` 212 բնակարանով:
Մուշ-2 թաղամասում 2008 թվականից մեկնարկած թվով 22 բնակելի շենքի շինարարական աշխատանքները ավարտվել են, եւ 2010 թվականի հուլիսի 8-ին արդեն իսկ հանձնվել են շահագործման: Այս պահին աշխատանքներում ներգրավված է շուրջ 1500 մարդ եւ մի քանի տեղական մատակարար կազմակերպություններ:
«Գլենդել Հիլզ» ընկերության գլխավոր տնօրենը նշեց, որ արդեն կառուցված բնակարաններում հայտնաբերված թերությունները շտկվել են, իսկ նոր կառուցվողներում գործում է շինարարության վերահսկման եռաշերտ համակարգ` «Հայսեյսմշինի», Քաղաքաշինության պետական տեսչության եւ տեխնիկական վերահսկող կազմակերպության կողմից: Ալմոյանը նշեց նաեւ, որ շինարարության ավարտը նախատեսված է 2011 թվականի սեպտեմբերին:
Հիշեցնենք, որ նախորդ այցելության ժամանակ, Սերժ Սարգսյանը խիստ քննադատության էր ենթարկել շինարարության որակը եւ հրահանգել ավելի լուրջ մոտենալ այդ խնդրին:





























