Աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 24-ին այցելել է Ամասիայի համայնքում գտնվող «Բանդիվան» ՍՊԸ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց «Բադիվան» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Էդիկ Ներսիսյանը, ընկերությունն իր գործունեությունն սկսել է 2007թվականից եւ զբաղվում է կաթի վերամշակմամբ ու խոզաբուծությամբ: Ընկերությունն արտադրում է կարագ եւ պանիր, իսկ կաթը մթերում է Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջանների 140 տնտեսություններից:
Տնօրենի խոսքով, ներկայումս ընկերությունն օրական մշակում է 1000 լիտր կաթ: Ընկերությունում աշխատում է 37 մարդ, որոնցից 21-ը՝ Բադիվան համայնքից: Ընկերությունում կատարված ներդրումների ծավալը կազմում է մոտ 1 մլն դոլար, սակայն աշնանն արդեն նախատեսվում է տեխնիկական վերազինում, որին կհաջորդի արտադրվող տեսականու ընդլայնում:
Ներկայումս ընկերության արտադրանքը սպառվում է հայրենական շուկայում, սակայն ակնկալվում է, որ այն նաեւ կարտահանվի:




























