Ռուսաստանի ֆուտբոլային միության նախկին նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը Սպորտ-Էքսպրեսին իր կարծիքն է հայտնել մարտի 26-ին Երեւանում կայանալիք Հայաստան - Ռուսաստան խաղի մասին:

«Եթե Հայաստանի հավաքականը հայտնվի եզրափակիչ մրցաշարում` դա իսկական սենսացիա կլինի: Հիմա բոլոր թիմերն էլ աճել են: Մենք Անդորրայի հետ էլ մի կերպ ենք խաղում: Ընտրական մրցաշարը յուրահատուկ երեւույթ է: Այս փուլում խնդիրներ են ունեցել նույնիսկ Գերմանիան ու Իսպանիան:

Հայաստանի այսօրվա հավաքականի խաղի, ուժի վերաբերյալ հիացական կարծիքները չափազանցված են: Երբ որոշ մասնագետներ ասում են, որ Երեւանում մեզ սպասվում է մրցաշրջանի գլխավոր հանդիպումը` ինձ մնում է ժպտալ: Իհարկե, եթե խաղադաշտում քայլենք` կարող ենք եւ պարտվել: Եթե ցուցադրենք այն խաղը, որ կար իռլանդացիների հետ հանդիպման առաջին 60 րոպեներին, ապա մրցակցից քարը քարի վրա չենք թողնի:

Հայկական ֆուտբոլն իհարկե առաջ է շարժվում: Բարելավվել է հավաքականի նյութական բազան, արդյունավետ է օգտագործվում ՖԻՖԱ-ի օգնությունը: Ֆեդերացիա են եկել նոր մարդիկ, նոր հայացքներով: Սակայն Հայաստանում դեռ չկան խորհրդային ժամանակների աստղերի նման վառ ֆուտբոլիստներ»,-ասել է Կոլոսկովը: