Դանիական Հերնինգ քաղաքում ավարտվել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Ցավոք, այդ մրցաձեւի հայ երկրպագուների հույսերը չարդարացան: Մեդալներ ակնկալիքներ կային, մասնավորապես, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանից եւ Յուրի Պատրիկեեւից, բայց մեր ոչ մի ըմբիշ չկարողացավ հաջողության հասնել: Նույնը վերաբերում է նաեւ Սասուն Համբարյանին, որն իր ելույթները սկսեց 1/16 եզրափակչից եւ հաղթանակ տարավ իրաքցի Բաշար Մոհամեդ Ալիի եւ մոլդավացի Վլադիմիր Զապորոջանի նկատմամբ, բայց 1/4 եզրափակչում հայ ըմբիշը զիջեց ադրբեջանցի մարզիկ Ֆարիդ Մանսուրովին, որն էլ նվաճեց չեմպիոնի կոչումը: Դա էլ Համբարյանին հնարավորություն տվեց մրցել բրոնզե մեդալի համար, բայց վճռական մենամարտում նա պարտվեց կուբացի Պեդրո Իսահակ Մուլենին: Նշենք, որ Ուկրաինան ներկայացնող Սուրեն Գեւորգյանը 1/32-րդ եզրափակչում պարտվեց Աֆշին Բաբանգարդուին, իսկ Շարուր Վարդանյանը (Շվեդիա), 1/16-րդ եզրափակչում հաղթելով Սունիլկումարա Ռանուին (Հնդկաստան), այնուհետ պարտվեց Ամբակո Վաչաձեին (Ռուսաստան):
Ամփոփելով մեր մարզիկների ելույթները, կարելի է տխուր փաստ արձանագրել. Հայաստանի ըմբիշները աշխարհի առաջնությունում միայն մեկ արծաթե մեդալ ստացան. 55 կգ քաշային Ռոման Ամոյանը: Ընդհանուր հաշվարկում մեր հավաքականը հայտնվեց 11-րդ հորիզոնականում 54 երկրների շարքում: Առաջին տեղում Թուրքիան է՝ 44 միավորով, նրան հետեւում են Իրանը՝ 39, եւ Ադրբեջանը՝ 38 միավոր:




























