Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 25-ին ընդունել է լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ բազմակի եւ օլիմպիական խաղերի չեմպիոն, ՖԻՖԱ-ի, ՈւԵՖԱ-ի եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի ոսկե շքանշանի ասպետ, վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին, ում ղեկավարությամբ «Արարատ» ֆուտբոլային թիմը 1973թ. դարձավ ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է մեր մեծանուն հայրենակցին Երեւանում եւ նշել, որ տասնյակ տարիներ ամբողջ հայ ժողովուրդը հպարտացել եւ այսօր էլ շարունակում է հպարտանալ նրանով:
«Շատ ուրախ ենք, որ Դուք ողջ եւ առողջ եք, որ աշխատում եք ի նպաստ ֆուտբոլի զարգացման: Մենք միշտ հպարտանում ենք Սփյուռքի մեր հայրենակիցներով եւ, առաջին հերթին, այն մարդկանցով, ովքեր իրենց բնագավառներում հասել են ամենաբարձր մակարդակների: Դուք մեր ազգն ավելի ճանաչելի եք դարձնում: Շնորհակալություն Ձեզ»,-լեգենդար ֆուտբոլիստի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սարգսյանը:
Հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանն ուղղված գործունեության, ինչպես նաեւ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ ունեցած ծանրակշիռ ձեռքբերումների, ֆուտբոլի ասպարեզում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար, Նիկիտա Սիմոնյանը Հանրապետության ղեկավարի հրամանագրով պարգեւատրվել է Պատվո շքանշանով: Այսօրվա հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւը հանձնել է մեծանուն մարզիկին` մաղթելով նրան առողջություն եւ հաջողություններ:
«Ինձ համար մեծագույն պատիվ է ստանալ այս բարձր պարգեւը: Գիտեք, ես հարյուր տոկոսանոց հայ եմ: Իմ ծնողները, Արդվինի հայեր լինելով, ժամանակին փախել են ցեղասպանությունից: Հայրս եղել է մեծ հայրենասեր: Ինձ համար մեծ պատիվ էր 1973թ. գլխավորել «Արարատ»-ի հավաքականը: Եվ այն, ինչ արեցին այդ տղաները, նվաճելով չեմպիոնի տիտղոսը եւ գավաթը, ինձ համար` որպես մարզչի, մեծ տոն էր: Հնարավոր չէ փոխանցել, թե այն ժամանակ ինչպես արձագանքեց ժողովուրդը: Իսկապես, դա հրաշալի թիմ էր: Դրա համար էլ ես այդ սերնդին եւ, իհարկե, մեր ամբողջ ժողովրդին պարզապես շնորհակալ եմ եւ խոնարհվում եմ»,-ասել է Նիկիտա Սիմոնյանը:
Նախագահը նշել է, որ ինքն էլ հիշում է այդ օրերին մեր ժողովրդի ցնծությունը: «Իմ հիշողության մեջ երեք այդպիսի ցնծության դեպք է դաջվել:
Առաջինը, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Երկրորդը, երբ 1973թ. «Արարատ»-ը դարձավ չեմպիոն եւ նվաճեց գավաթը եւ երրորդը, երբ մայիսի 9-ին ազատագրեցինք Շուշին: Ահա, այդ դեպքերից մեկի համահեղինակը Դուք եք: Այդ հաղթանակը, իրոք, մեծ երեւույթ է եւ միայն սպորտային ձեռքբերում չէ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:




























