Ռազմավարական գործընկերությունը չի մարում քաղաքական գործիչների՝ Հայաստան-Ռուսաստան խաղի հետ կապված կրքերը։ Հայ քաղաքական գործիչների հայտարարություններից պարզ դարձավ, որ ֆուտբոլի հարցում համերաշխություն եւ գործընկերություն գոյություն չունեն։ Բոլորը հաղթանակ են պահանջում՝ գոնե 1։0 հաշվով՝ չնայած նրան, որ շատ հայ քաղաքական գործիչներ ֆուտբոլով չեն հետաքրրքվում եւ խաղը չեն դիտելու։

Ինչպես Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ խոստովանեց ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ինքը չի հետեւելու Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղին։ «Ես գերադասում եմ հետեւել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ծավալվող այլ «խաղերի», որոնցում Հայաստանը, ցավոք, պարտվում է»,- նկատեց նա՝ սպորտային հաջողություն մաղթելով հայ ֆուտբոլիստներին։

Ինչպես պարզվեց, ֆուտբլի հանդեպ անտարբեր է նաեւ Հայաստանի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով հայտարարեց, որ ֆուտբոլը միակ սպորտաձեւն է, որով ինքը չի զբաղվել եւ չի հետաքրքրվում։ «Գերադասում եմ արեւլյան մարզաձեւերը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում պետք է սատարի եւ ոգեշնչի հայ ֆուտբոլիստներին։

Իսկ ահա խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Բալասանյանը, պարզվեց, մոլի ֆուտբոլասեր է։ «Ես շատ ուրախ եմ, որ այս խաղի համար Ռուսաստանից այսքան շատ մարդ է ժամանել։ Խաղին հետեւելու եմ մարզադաշտից, կարծում եմ՝ կհաղթենք 1։0 հաշվով»,- կանխատեսեց Բալասանյանը։

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ կարծիք հայտնեց, որ Հայաստանի հավաքականը ռուսներին կհաղթի 2։0 հաշվով։

Հայաստան-Ռուսաստան խաղը տեղի կունենա վաղը՝ մարտի 26-ին, Երեւանի Հանրապետական մարզադաշտում։