Դոնեցկի Շախտյորի սեփականատեր Ռինատ Ախմետովը նախորդ 15 տարիներին ակումբում ներդրել է 1,5 միլիարդ դոլար: Ուկրաինական լրատվամիոցները հաղորդում են, որ վերջին տարիներին ակումբի տարեկան բյուջեն կազմում է մոտ 100 միլիոն դոլար: Ակումբի նոր գերժամանակակից ստադիոնի շինարարության համար Ախմետովը ծախսել է 400 միլիոն դոլար: Ակումբի ֆուտբոլային դպրոցը տարեկան ստանում է մոտ 10 միլիոն:
Անցած տարի Ախմետովի կարողությունը գնահատվել է 17,8 միլիարդ դոլար:
Ակումբի շահութաբերության մասին խոսք դեռ չի կարող լինել: Շախտյորը հեռուստատեսային իրավունքի վաճառքից ստանում է տարեկան մոտ 300 հազար դոլար, ինչն անհամեմատելի քիչ է նույնիսկ Անգլիայի Պրեմյեր լիգայի ոչ առաջատար թիմերի համեմատ: Եթե Եվրոպայում ամենաէժան տոմսի գինը 25 եվրո է, ապա Շախտյորի խաղերի տոմսի գինը չի գերազանցում 1,5 եվրոն: Ուկրաինացիները եզրակացնում են, որ ֆուտբոլը դարձել է Ախմետովի հիվանդությունը: Ախմետովն Ուկրաինայի ամենահարուստ մարդն է: Բիզնեսի ուղղություններն են մետալուրգիան, էներգետիկան, հեռահաղորդակցությունը, մեդիաբիզնեսը, բանկային, ապահովագրական, անշարժ գույքի ոլորտները, մանրածախ առեւտուրը:




























