NEWS.am-ը ֆուտբոլասերներից կրկին լուրեր  է ստանում  Հայաստան-Ռուսաստան ընտրական խաղի տոմսերի ձեռք բերման բարձր գների մասին: Արդեն տեղեկացրել ենք, որ տոմսերն ամբողջությամբ սպառվել են դեռեւս երկու շաբաթ առաջ, որոնք  արժեցել են  3, 5 եւ 7 հազար դրամ: Մինչդեռ այս օրերին ֆուտբոլասերները տոմսեր են ձեռք բերում մի քանի անգամ թանկ գնով` 45-50, ընդհուպ` 60 հազար  դրամով:

Այդ գնով տոմսեր են առաջակում նրանք, ովքեր նախապես մի քանի տոմս են ձեռք բերել, եւ այժմ որոշել են փող աշխատելու նպատակով դրանք բարձր գնով վերավաճառել: NEWS.am-ի խմբագրությանը դիմած ֆուտբոլասերներից մեկը հայտնեց, որ տոմսը գնել է 10 օր առաջ, այսպես ասած` «տոմսի գործ անող» մի մարդուց, փոքր ինչ էժան`30 հազար դրամով: Նա նաեւ նշեց, որ այդպիսի մարդիկ շատ կան, ովքեր նախկինում եւս տեղի ունեցած խաղերի ժամանակ  իրեն տոմսով են ապահովել:

Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Տիգրան Իսրայելյանը NEWS.am-ին խոստացել էր ուսումնասիրել տոմսերի վերավաճառքի մասին տեղեկությունը եւ պարզաբանում տալ: Խաղից մեկ օր առաջ, սակայն, նա հայտեց, որ  ոչ մի բան չի կարողացել  պարզել, հետեւապես ՀՖՖ-ն ոչ մի միջոց չի ձեռնարկել այդ երեւույթի դեմ: Ի դեպ, տոմսերի` բարձր գներով վերավաճառքի մասին են ահազանգում նաեւ սոցիալական ցանցերում գրանցված ֆուտբոլասերները:

Հիշեցնենք, որ  «Եվրո 2012»-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին,  «Հանրապետական» մարզադաշտում` ժամը 19-ին: