Մարտի 26-ի առավոտից Երեւանում բառացիորեն ապրում են ֆուտբոլով: Քաղաքում ծածանվում են հայկական եւ ռուսական եռագույնները: Իրենց հայրենիքում ցրտից տանջված ռուս երկրպագուները հանել են բաճկոններն ու ժպիտը երեսներին շրջում են Երեւանի փողոցներում:(ֆոտոռեպորտաժ)
Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը մասնակցելու համար մայրաքաղաք են ժամանել ռուսաստանցի բազմաթիվ ֆուտբոլասերներ, ովքեր այսօր վաղ առավոտից շրջում էին Երեւանի կենտրոնական փողոցներում, մասնավորապես Հանրապետության հրապարակում, եւ իրենց ընդառաջ եկող մարդկանց ողջունում էին «կեցցե ֆուտբոլը» բացականչությամբ: Մայրաքաղաքն այս օրերին լի է նաեւ հանրապետության տարբեր շրջաններից ժամանած ֆուտբոլասերներով, ովքեր դեռ օրվա առաջին կեսին մարտական տրամադրությամբ շրջում էին մայրաքաղաքում եւ հաշվում խաղին մնացած ժամերը:
Մոսկվայից ժամանած Հովհաննես Աթանյանին, ով Ռուսաստանի մայրաքաղաքում է բնակվում 2001 թվականից, հանդիպեցինք Հանրապետության հրապարակում: Նա այդ վայր էր եկել իր ընկերներին պատկանող մեքենայով, որի պատուհանից կախել էր եռագույնն ու շրջապատի մարդկացն հետ քննարկում էր այսօրվա խաղից իր սպասելիքները: Երբ տեսավ, որ լուսանկարում ենք, բռունցքը վեր պարզեց եւ ասաց. «Հայաստան, հաղթանակ»: Հովհաննեսը Երեւան է ժամանել մի քանի օր առաջ, խաղը դիտելու է Հանրապետական մազադաշտում, քանի որ հրաշքով հաջողացրել է 5 հազար դրամանոց տոմս ձեռք բերել: «Շատ ուրախ եմ, քանի որ ասում են, որ տոմս չկա, ընկերներիցս շատերը տոմս չունենալու պատճառով խաղը դիտելու են հեռուստացույցով»,- նշեց մեր զրուցակիցը: «Ստանդիոնում խաղը դիտելը ավելի շատ նման է հանդեսի, թատրոնի, իսկ մոնիտորով ֆուտբոլին հետեւելը չի ստեղծում այդ էֆեկտը»,- նշեց հայազգի ֆուտբոլասերը: Նա նաեւ հավելեց, որ Հայասատանի հավաքականը, հաշվի առնելով վերջին երկու հաջող խաղերը, մեծ շանսեր ունի հաղթելու:
«Միակ մտահոգող բանն այն է, որ երկրի իշխանությունը խաղը վաճառած չլինի, մեր տղաներին չընկճի: Խաղից առաջ նման տհաճ խոսակցություններ եղան, ինչը մի քիչ, այսպես ասած, դուխաթափ արեց ֆուտբոլասերներիս: Բայց հուսով ենք, որ խաղը կլինի որպես մրցույթ եւ երկու թիմերն էլ գեղեցիկ խաղ կցուցադրեն առանց ինչ-ինչ միջամտության»,- նշեց Հովհաննեսը:
Հանրապետության հրապարակում հանդիպեցինք նաեւ Գորիսից եւ Եղեգնաձորից եկած ֆուտբոլասերներին: Նրանք եւս պնդեցին, որ համոզված են Հայաստանի հավաքականի հաղթանակում եւ ուժ եւ կորով են մաղթում ֆուտբոլիստներին: Երիտասարդները, սակայն, խաղին հետեւելու են ոչ թե մարզադաշտից, այլ` Ֆրասիայի հրապարակում տեղադրված մոնիտորի միջոցով, քանի որ տոմսեր ձեռք բերել չի հաջողվել: Մի երիտասարդ էլ ասաց, որ թեեւ ֆուտբոլի երկրպագու չէ, սակայն միշտ խաղադրույքներ է կատարում բուքմեյքերական ընկերություններում: Սակայն այս անգամ ձեռնպահ է մնացել խաղադրույք կատարելուց, երբ իմացել է, որ բուքմեյքերները հաղթանակի նախապատվությունը տալիս են Ռուսաստանի հավաքականին: Ուշագրավ էր նաեւ վանաձորցի 18–ամյա Գարիկի մաղթանքը. «Ուզում եմ, որ Հայաստանի հավաքականը հաղթի, ու տենց էլ լինելու ա: Տիեզերքի օրենքն ա` եթե ինչ-որ բան շատ ես ուզում, լինում ա: Եկեք բոլորով ուզենք նույն բանը»:
Ռուս ֆանատ Օլեգ Շիշկինը, պարզվեց, հայերից ոչ պակաս, ցանկանում է, որ «տիեզերքի օրենքը» այսօր գործի ի շահ իր երկրի հավաքականի: Եւ դա զարմանալի չէ: Տպավորիչ է մեկ այլ բան, Օլեգը վստահ է, որ Երեւանում խաղից հետո, ինչ հաշվով էր որ այն ավարտվի, բախումներ եւ քաշքշուկներ տեղի չեն ունենա: «հայերը խաղաղ ժողովուրդ են, եւ ես համոզված եմ, որ եթե մենք հաղթենք, մեր մրցակիցը արժանապատվությամբ կընդունի իր պարտությունը: Իսկ եթե հաղթեն հայերը, ապա ես, ծայրահեղ դեպքում բունտ անել չեմ պատրաստվում»,-խոստովանեց երկրպագուն: Օլեգը միաժամանակ նշեց, որ վաղուց չի տեսել նման ջերմ արեւ մարտ ամսին: «Նախանձում եմ ձեզ սպիտակ նախանձով»,-ժպտալով ասաց երիտասարդը:
Հիշեցնենք, որ «Եվրո 2012»-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը կկայանա այսօր` մարտի 26-ին, ժամը 19-ին, «Հանրապետական» մարզադաշտում:
Պատրաստեց` Ելենա Գեւորգյանը
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























