Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի Շախտյորի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը sportsdaily.ru-ի հետ զրույցում վստահեցրել է, որ ոչ մի նշանակություն չունի, թե ով է Հայաստանի մրցակիցը:

«Թեւ մենք Ռուսաստանի հետ լավ ընկերական հարաբերություններ ունենք, սակայն ֆուտբոլը մնում է ֆուտբոլ: Մենք պետք է դուրս գանք խաղադաշտ եւ ապացուցենք բոլորին, որ Հայաստանում կա շատ լավ ազգային թիմ եւ այդ թիմում հավաքված խաղացողները մեծ վարպետներ են:

Սկզբունքային նշանակություն չունի, թե ով է մեր մրցակիցը: Մենք դուրս ենք գալիս խաղադաշտ խաղից եւ արդյունքից հաճույք ստանալու համար: Այո, ես գիտեմ, որ Ռուսաստանը շատ ուժեղ ազգային հավաքական ունի: Սլովակիայի թիմը եւս լուրջ մրցակից էր, բայց մենք խաղացինք մեկս մյուսի համար եւ ստացանք գերազանց արդյունք: Չեմ կարծում, որ որեւէ ֆուտբոլիստ դուրս կգա խաղադաշտ եւ կմտածի  ճնշման կամ ապրումների մասին»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը: