ՆԱՏՕ-ի խորհուրդը, ռազմաքաղաքական բլոկի 28 անդամ-երկրների դեսպանների մակարդակով, կիրակի պաշտոնական որոշում է կայացրել` Լիբիայում ռազմական օպերացիայի հրամանատարությունը ստանձնելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, օպերացիան ղեկավարելու է կանադացի գեներալ-լեյտենանտ Շառլ Բուշարը, որը նախկինում զբաղեցնում էր Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարի տեղակալի պաշտոնը, հողորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 Մինչ այժմ օպերացիայի հրամանատարությունը դաշինքին փոխանցելուն դեմ հանդես է եկել միայն Ֆրանսիան: Փարիզն առաջարկում էր ստեղծել Լիբիայում օպերացիայի քաղաքական ղեկավարություն, որում պետք է ներգրավված լինեին օպերացիայի մասնակից-երկրները, Արաբական պետությունների լիգայի եւ Աֆրիկական միության երկրները:

ՆԱՏՕ-ի անդամ այն երկրները, որոնք չեն աջակցում Լիբիայի ռմբահարումներին, կզբաղվեն բացառապես թռիչքազերծ գոտու պահպանմամբ, իսկ մյուս դաշնակիցները կգործակցեն օդային հարվածներ հասցնելու հարցում:

ՆԱՏՕ-ի խորհուրդը մարտի 23-ին հավանություն էր տվել նաեւ Լիբիա մատակարարվող զենքի էմբարգոյին դաշինքի մասնակցությանը:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, ապա վերջինս բազմիցս հայտարարել է, որ չի մասնակցի Լիբիայում ռազմական գործողություններին,  բայց հատկացրել է ռազմածովային ուժերի հինգ նավ եւ մեկ սուզանավ` այդ կերպ ներդրում ունենալով օպերացիայում: Անկարան նաեւ հայտարարել էր, թե ՆԱՏՕ-ին կարող է տրամադրել ռազմական օդանավերի էսկադրիլիա,  եթե օպերացիայի ղեկավարությունը ստանձնի դաշինքը: