Այս տարի կավարտվի Ադրբեջանի տարածքում բնակվող թուրք-մեսխեթցիների` Վրաստան հայրենադարձման գործընթացը:
Ադրբեջանում բնակվող 13 հազար ընտանիքներ արդեն դիմել են պաշտոնական Թբիլիսիին` հայրենադարձման խնդրանքով: Բայց հայրենադարձման գործընթացում կան խնդիրներ:
Ինչպես հաղորդում է ANS TV-ն, «Վաթան» միության նախագահ Սաբիրժան Ջալիլովը նկատել է, թե իրենք աշխատանքն այնպես են կազմակերպում, որ հայրենադարձման գործընթացն անհատական չլինի:
«Տվյալ հարցի օրինական որոշումը կարող է պառակտման հանգեցնել ընտանիքներում: Կարող է պատահել, որ մեկ ընտանիքի յոթ անդամներից 3-ին կամ 4-ին Վրաստանի կառավարությունը մերժի»,- ասել է նա:
Նշենք, որ ըստ վրացական լրատվամիջոցների, վրացական եւ թուրքական կառավարական հանձնաժողովները արձանագրություն են ստորագրել, որով Թուրքիան վերակառուցում է 3 եւ կառուցում 1 մզկիթ Վրաստանի տարածքում, իսկ վրացական կողմը վերանորոգում է 4 հին վրացական եկեղեցի թուրքական տարածքում:




























