Ամերիկացին 36 տարի անցկացրել է բանտում 50 դոլար գողանալու համար։ Էլվին Քենարդը մոտ օրերս ազատ կարձակվի, տեղեկացնում է ABC News-ը։
Նա 22 տարեկան էր, երբ 1984-ին դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ առանց ժամանակից շուտ պայմանական ազատվելու հնարավորության։ Համաձայն Ալաբամա նահանգի այն ժամանակվա օրենքի՝ նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման, քանի որ գողությունը չորրորդ հանցագործությունն էր, որ կատարել էր նա։ Մինչ այդ նա դատապարտվել էր սեփականության դեմ երեք ոչ բռնի հանցագործությունների համար։
Օրենքը փոխեցին, այժմ դատավորները հնարավորություն ունեն իրավախախտներին ժամկետից շուտ ազատվելու հնարավորություն ընձեռել։ Բայց փոփոխությունները մտցվել են 2000-ականներին եւ հակառակ ուժ չեն ունեցել, դրա համար էլ Քենարդի դատավճիռը չէր կարող վերանայվել։
Սակայն տեղի դատավորը հետաքրքրվել է նրա գործով։ Նրան տարօրինակ է թվացել, որ մարդը ցմահ նստած է 50 դոլար գողանալու համար՝ առանց պայմանական ժամանակից շուտ ազատվելու իրավունքի։ Քենարդի լավ վարքագիծը բանտում նույնպես կարեւոր դեր է խաղացել դատավորի որոշման համար, եւ նա փոխել է դատավճիռը, ինչի արդյունքում Քենարդն ազատ կարձակվի առաջիկա օրերին։





























