Եվրոպական երկրներն ակտիվացնում են Իրանի միջուկային համաձայնագրի փրկմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։ Այս մասին ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հեյկո Մաասը Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի գործընկերների հետ բանակցություններից հետո։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, տեղեկացնում է AFP-ն։
Մաասն ասել է, որ առաջնահերթություն է համարվում ԱՄՆ-ի եւ Եվորպայի միջեւ երկխոսության պատուհանի բացումը։ «Հատկապես Բիարիցում G7-ի գագաթաժողովից հետո մենք բոլորս կարծում ենք, որ գոյություն ունեցող ազդակը, երկու կողմերից երկխոսության պատրաստակամությունը պետք է օգտագործվեն»։
Նախօրեին Մոգերինին ասել էր, որ ԵՄ-ը կաջակցի Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ երկխոսությանը՝ ընթացիկ գործարքի պահպանման պայմանով։
Եվրոպացիները բազմիցս հայտարարել են, որ լի են վճռականությամբ՝ փրկելու գործարքը, բայց ԱՄՆ պատժամիջոցներից Իրանի տնտեսության պաշտպանության ջանքերն առայժմ արդյունքներ չեն տվել։
«Մենք կքննարկենք հետագա դիվանագիտական ջանքերը Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ տարածաշրջանի՝ Պարսից ծոցին սահմանակից երկրների հետ»,- ասել է Մաասը։
Հանդիպմանն ընդառաջ՝ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը նույնպես ասել է, որ ցանկանում է «ազդակ հաղորդել Իրանի վերաբերյալ G7-ի դրական բանակցություններին»։
«Միջուկային գործարքը միակն է, որը խանգարում է Իրանին միջուկային զենք ունենալ, եւ մենք կշարունակենք համատեղ աշխատանքը, որպեսզի Իրանին մղենք լիովին հետեւելու համաձայնագրին»,- ասել է Ռաաբը։ «Մենք նաեւ ամենալայն միջազգային աջակցության հույս ունենք, որպեսզի դիմակայենք Հորմուզի նեղուցում միջազգային փոխադրումների սպառնալիքներին»։
Մեծ Բրիտանիան Ավստրալիայի եւ Բահրեյնի հետ միասին միացել է Վաշինգտոնի՝ Պարսից ծոցով առեւտրային փոխադրումների պաշտպանության «Պահապանների գործողություն» առաքելությանը։
Ֆրանսիան եւ Գերմանիան զգուշորեն է արձագանքել այս գաղափարին՝ մտահոգվելով, որ ռազմածովային ներկայության ընդլայնումը տարածաշրջանում կարող է հանգեցնել առանց այդ էլ տենդագին իրավիճակի լարվածության թեժացման։
Մաասն ասել է, որ գոյություն ունեն «տարբեր մոտեցումներ» այս հարցի վերաբերյալ, եւ ընդգծել է, որ չի կարելի նախաձեռնել գործողություններ, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել դիվանագիտական ջանքերը։





























