Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում բրեքզիթի նախաշեմին խորհրդարանի գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու մասին երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումից հետո զանգվածային ցույցերի ալիք է բռնկվել, հաղորդում է BBC News-ը:

Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Մանչեսթեր, Լիդս, Յորկ եւ Բելֆաստ քաղաքների փողոցներ: Լոնդոնի կենտրոնական Ուայթհոլ փողոցում հավաքվել են ցուցարարները, որոնք վանկարկել են՝ «Բորիս Ջոնսոն, ամոթ»:

Նշվում է, որ Վեստմինստերում վարչապետի աջակիցների ոչ մեծ խումբ է հավաքվել:

Ջոնսոնի որոշումը զայրույթ է առաջացրել երկրի օրենսդրական մարմնի անդամների եւ առանց գործարքի ԵՄ կազմից երկրի դուրսբերման հակառակորդների շրջանում:

Խորհրդարանի գործունեության ժամանակավոր կասեցումը տարբերվում է խորհրդարանը ցրելուց նրանով, որ օրենսդրական մարմնի աշխատանքի ժամանակավոր դադարեցման դեպքում դեբատներ եւ քվեարկություն չի անցկացվում, այն դեպքում, երբ ցրելու դեպքում խորհրդարանականները վայր են դնում իրենց լիազորությունները, որպեսզի մասնակցեն ընտրություններին:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան պաշտոնապես կլքի ԵՄ-ը հոկտեմբերի 31-ին: