Ուռուցքաբան, ճառագայթային թերապեւտ Թաթուլ Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ գլխավոր ուռուցքաբան Արմեն Տանանյանին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից առանց բացատրությունների աշխատանքից ազատելու խնդրին:
Նա, մասնավորապես, գրել է. «Վերջին 5 տարվա ընթացքում երկրում ուռուցքաբանությունը ցեխից հանելու ուղղությամբ ոչ ոք այնքան ջանք չի թափել, որքան Արմեն Տանանյանը։ Բայց, պարզվում է, որ բացառիկ կազմակերպչական, առաջնորդական ձիրքը, մարդկանց մոտիվացնելու ու բանակցելու հազվագյուտ տաղանդը, գործին անսահման ու անմնացորդ նվիրումը, ոլորտի կատարյալ իմացությունը, արտակարգ բարձր պրոֆեսիոնալիզմը եւ մարդկային հատկանիշները այսօր առ ոչինչ են որոշ պաշտոնյաների անձնական ամբիցիաների, մոլագարության հասնող փառասիրության ու պոպուլիզմի առջեւ։
Բայց պաշտոնները անցողիկ են, լսու՞մ եք։ Մնայուն է գործը․․․
ՊԱՏԻՎ ունեմ Արմեն Տանանյանի աշակերտը, զինակիցը, գործընկերը եւ ընկերը լինելու։ Համոզված եմ, որ ի վերջո նույնիսկ Հայաստանում հաղթանակելու է արդարը, ճիշտը, ողջամտությունը։ Համոզված եմ, որ Արմեն Տանանյանը դեռ շատ ասելիք եւ անելիք ունի մեր ոլորտում, ու համոզված եմ, որ վկան ու մասնակիցն եմ դառնալու այդ ամենի։
Համբերություն եւ տոկունություն բոլորիս ու առողջություն միշտ ավելիին արժանի մեր պացիենտներին»:





























