Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն մեկնաբանել է Presa.ge պորտալի հաղորդագրությունն այն մասին, որ իր ամուսնու՝ Բադրի Բիցաձեի եւ ընդդիմադիր «Վրացական կուսակցության» համանախագահ Լեւան Գաչեչիլաձեի միջեւ Մյունխենի օդանավակայանում ծեծկռտուք է տեղի ունեցել։
Բուրջանաձեի խոսքով, «զարմանալի է, որ Լեւան Գաչեչիլաձեն հարցերը որոշել է լուծել հենց Մյունխենի օդանավակայանում»։
«Կարծում եմ, որ եթե Գաչեչիլաձեն ցանկանար ինչ-որ հարց պարզաբանել, ավելի ճիշտ կլիներ, եթե նա Բիցաձեի հետ հանդիպեր Թբիլիսիում»,- ասել է Բուրջանաձեն։
Ինքը՝ Բիցաձեն հաստատել է միջադեպի փաստը եւ ասել, որ «այն սադրիչ բնույթ է կրել»։
«Գաչեչիլաձեն գործել է իշխանությունների պատվերով՝ ցանկանալով կռվել ինձ հետ, որպեսզի ինձ ձերբակալեն»,- ասել է նա։
Միջադեպի ականատեսները հաստատում են, որ Գաչեչիլաձեն եւ Բիցաձեն հանդիպման ժամանակ իրար ձեռք են սեղմել, սակայն մի քանի րոպե անց Գաչեչիլաձեն Բիցաձեին մի կողմ է տարել եւ հարվածել նրա դեմքին։





























