Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն թիվ 93 միջնակարգ դպրոցում դասի ժամանակ աշակերտներին պատմել է, որ Tesla մեքենան իրեն նվիրել է ինքը՝ Իլոն Մասկը, տեղեկացնում է TUT.by-ը՝ հղում կատարելով СТВ հեռուստաալիքին։

«Ես Tesla էլեկտրական մեքենա ունեմ, երբեմն այն թեստավորում եմ։ Մասկն է նվիրել. տեսավ ինձ մոտոցիկլով եւ ասում է. «Այս ի՞նչ է, ձեզ մոտ նախագահը երկանիվ մոտոցիկլով է երթեւեկում»,- բարձրդասարանցիներին պատմել է Լուկաշենկոն։

Նախագահը նաեւ խոստովանել է, որ սիրում է էկոլոգիական տրանսպորտը եւ հաճույքով աշխատանքի կգնար հեծանվով։ Բայց որոշել է հրաժարվել այդ գաղափարից, որպեսզի իրեն չմեղադրեն Զելենսկուն նմանակելու մեջ։

Ալեքսանդր Լուկաշենկոն, հիշեցնենք, Tesla-ն թեստավորել է դեռեւս 2017-ին։ Դա S P100D մոդելն էր։  Այդ պահին մեքենան արժեր մոտ 165 հազար եվրո։

«Ես ընդհանրապես ավտոտրանսպորտի սիրահար եմ։ Դա ինձ համար այդպիսի հոբբի է։ Ես շատ ավտոմեքենաներ եմ վարել։ Բայց Tesla-ն հրաշք մեքենա է։ Շարժուն, արագ, կարգին արագություն բացող մեքենա է։ Անգամ այն փորձարկելու տեղ չկա։ Օղակաձեւ ճանապարհին սլանում է 250 կմ/ժամ արագությամբ։ Շատ կայուն է»,- տպավորությունները կիսել է Լուկաշենկոն։