Շատ պաշտոնյաներ եւ նույնիսկ նախարարներ, որոնք ոչինչ չեն անում եւ արժանի չեն նման բարձր պաշտոններ զբաղեցնել, շարունակում են նախորդ իշխանությունների քաղաքականությունը՝ այդպիսով չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, օրինագծի համահեղինակ Գեւորգ Պետրոսյանը:
Պետրոսյանը, մասնավորապես, կարծում է, որ Հայաստանում պաշտոնյաները հաճախ իրենց աշխատողներին ստիպում են պաշտոնից հեռացման մասին դիմումներ ներկայացնել եւ ստորագրել: Պատգամավորի խոսքով՝ համաձայն օրինագծի՝ նման խախտումների դեպքում պաշտոնյան պետք է տուգանվի նվազագույն աշխատավարձի 200-ակի չափով կամ մինչեւ 1 տարվա ազատազրկման դատապարտվի, կամ էլ զրկվի որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ 2-3 տարի ժամկետով որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
«Եթե նման հանցանքը կատարվում է 2 կամ ավելի անձանց նկատմամբ՝ ի օգուտ այլ անձի կամ կուսակցության, ապա պետք է սահմանել նվազագույն աշխատավարձի 400-ակի չափով տուգանք կամ մինչեւ 2 տարվա ազատազրկում, կամ էլ զրկել 2-5 տարի ժամկետով որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից»,- առաջարկել է Պետրոսյանը:
Պատգամավորի պնդմամբ՝ ժամանակակից Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո նման երեւույթ հաճախ է հանդիպում:
Չնայած բոլոր փաստարկներին՝ պատգամավորին չի հաջողվել համոզել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին, այդ թվում՝ հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանին, որը կարծում է, որ տվյալ պահվածքը հասարակության համար ոչ այդքան վտանգավոր երեւույթ է, որպեսզի պաշտոնյաները քրեական պատասխանատվության ենթարկվեն: Նրա խոսքով՝ իրենք բազմիցս նշել են, որ Հայաստանում գործատուների եւ աշխատողների իրավունքները հավասար են, իսկ տվյալ հարաբերությունների կարգավորումը գրանցված է ՀՀ Աշխատանքային օրենսգրքում:
Օրինագիծը դրական եզրակացություն չի ստացել:





























