Վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կազմակերպության ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը քննադատել է Հայաստանում գործող տրանսպորտային միջոցների տեխզննման կարգը:

Ըստ գործող կարգի, տեխզննումն իրականացնում են ոչ թե Ճանապարհային ոստիկանության տեսուչները, այլ մասնավոր արտոնագրված կազմակերպությունները: Այդպիսիք հանրապետոթյունում 40-ն են, որոնց քառորդ մասը` Երեւանում:

Ըստ Հովհաննիսյանի` ընթացակարգը ձեւական բնույթ է կրում: «Դա անգամ կոռուպցիա չէ, քանի որ ներգրավված են ոչ պետական կառույցներ»,- նկատել է Հովհաննիսյանը: Նա նշել է, որ տեխզննումը պետք է իրականացվի 60 չափորոշիչներով, իսկ իրականում, անցկացվում են լավագույն դեպքում միայն երկու չափորոշիչներով: Դեպքերի մեծամասնության պարագայում գործը սահմանափակվում է վճարի մուծմամբ եւ համապատասխան թղթերի ձեւակերպմամբ:

Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ վարորդները չեն ցանկանում այդ դեպքերով դիմել դատախազությանը: Ինքը` կազմակերպության նախագահը եւս ցանկություն չունի ճշմարտությունը պարզել իրավապահների միջոցով: Նա այդ փաստը կապել է ազգային մենթալիտետի հետ:

 Լուսանկարը` Մարիամ Լեւինայի