Եգիպտոսի հանգուցյալ նախագահ Մուհամեդ Մուրսիի կրտսեր որդին՝ Աբդալան, մահացել է սրտի նոպայի պատճառով, ինչպես եւ հայրը, տեղեկացնում է եգիպտական «Մասրավի» թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ինչպես տեղեկացրել է Կահիրեի ալ Վահաթ հիվանդանոցի աղբյուրը, 24-ամյա Աբդալա Մուրսին մահացել էր մինչեւ հիվանդանոց հասցնելը։ Տեղեկացվում է, որ անվտանգության մարմինները տեղեկացված էին կատարվածի մասին։

Մուրսի ընտանիքի փաստաբան Աբդ ալ Մանաամ Աբդ ալ Մաքսուդը հաստատել է Եգիպտոսի նախկին նախագահի կրտսեր որդու մահը։ Նրա խոսքով՝ Աբդալա Մուրսին եղել է մեքենայի ղեկին, նա սրտի նոպա է ունեցել։

Եգիպտոսի նախկին նախագահ, 67-ամյա Մուհամեդ Մուրսին մահացել էր հունիսին, լրտեսության գործով դատավարության ժամանակ։ Համաձայն գլխավոր դատախազի հայտարարության՝ Մուրսին ընկել էր նիստերի ընդմիջման ժամանակ եւ կորցրել գիտակցությունը։ Նրան հասցրել էին հիվանդանոց, որտեղ բժիշկները փաստել էին նրա մահը։ Արտաքին զննման ժամանակ նրա մարմնի վրա տեսանելի վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Նոպայից մի քանի րոպե առաջ պետության նախկին ղեկավարը հանդես էր եկել հինգ րոպեանոց ելույթով դատարանի առաջ։

2013 թվականի հուլիսին Եգիպտոսի բանակը ժողովրդական դժգոհության ալիքի ֆոնին, որը պայմանավորված էր «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչների կառավարմամբ, իշխանությունից հեռացրեց նախագահ Մուրսիին եւ անցումային շրջան հայտարարեց։ Մուրսիի կողմնակիցները բողոքի զանգվածային ակցիաներ անցկացրին՝ պահանջելով վերադարձնել նրան պետության ղեկավարի պաշտոնին։ Անկարգությունների եւ բախումների հետեւանքով զոհվեցին հարյուրավոր եգիպտացիներ։

Մուրսիին իշխանությունից հեռացնելու պահից նրա դեմ հարուցվեց հինգ քրեական գործ, այդ թվում՝ նախագահական պալատի մոտ նրա կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ 2012 թվականի դեկտեմբերին կայացած բախումների, հօգուտ Կատարի եւ ՀԱՄԱՍ-ի լրտեսության, 2011-ի զանգվածային անկարգությունների ժամանակ բանտից փախուստի  եւ դատավորներին վիրավորելու։