Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշեց հավանություն տալ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի նախաձեռնությանը, որով առաջարկվում է հնարավորություն տալ, որ 14-ից ավելի անդամ ունեցող խորհրդարանական խմբակցությունը ունենա ոչ թե 4 փորձագետ, այլ հինգ:

Նշենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է 14-ից ավելի անդամ ունեցող խմբակցությունների փորձագետների թիվը չորսից դարձնել մինչեւ հինգ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորելով օրենսդրական նախաձեռնությունների մեծ քանակով եւ դրանից բխող մասնագիտական հմտություններ պահանջող աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ:

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է. «Հաշվի առնելով ԱԺ խմբակցությունների աշխատանքի արդյունավետության եւ նոր մասնագետների ներգրավմամբ խորհրդարանական աշխատանքների մասնագիտական որակը բարձրացնելու անհրաժեշտությունը, նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի, սակայն նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման՝ տարեկան շուրջ 5 մլն դրամի չափով:

Միեւնույն ժամանակ գտնում ենք, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը լիարժեք գնահատելու համար, նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ  անհրաժեշտ է ներկայացնել նաեւ վիճակագրական տվյալներ՝ իրավական ակտերի նախագծերի՝ նախորդ տարիների համեմատ գրանցված աճի վերաբերյալ»: