ԱՄՆ Միչիգան նահանգում կալանավորել են գողությունների շարքի մեջ կասկածվող վիճակախաղում շահողներին, հայտնում է Mlive.com-ը:
Գողերը Միչիգանում գործել են հուլիսի սկզբից: Տասնյակից ավելի գողություններ են կատարվել Բեյ շրջանում, եւս մի քանի՝ հարեւան շրջաններում: Ոստիկանությունում նկատել են հանցագործների հատկանշական ձեռագիրը. նրանք մշտապես տներ են ներթափանցել ցերեկը, երբ տերերը բացակայել են:
Օգոստոսի 29-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել հերթական գողության մասին: Շերիֆի օգնականները շուտով ամենագնաց են նկատել, որը համապատասխանում էր վկաների նկարագրածին: Մեքենայի մեջ 2 մարդ կար՝ 28-ամյա Սթեֆանի Հարվելը եւ նրա ամուսինը՝ 29-ամյա Միթչել Արնսվալդը: Մեքենան զննելիս հայտնաբերվել են գողացված իրերը:
Հարվելին եւ Արնսվալդին կալանավորել են ու մեղադրել տուն ներխուժելու եւ կոտրելու համար նախատեսված գործիքներ պահելու մեջ: Նրանք չեն կարողացել վճարել դատավորի նշանակած գրավը եւ կմնան վանդակաճաղերի հետեւում:
Հարվելը 3 տարի առաջ վիճակախաղում 500 հազար դոլար էր շահել: 2016 թվականի սկզբին կինը լրատվամիջոցներին հայտնել էր, որ նախկինում իր փողը հազիվ էր բավականացնում աշխատավարձից մինչեւ մյուս աշխատավարձ: Նա վիճակախաղի տոմս էր գնել այն բանից հետո, երբ որոշել էին նրան տանից վտարել: Կինը նախատեսել էր շահած գումարով տուն եւ ավտոմեքենա գնել, իսկ մնացորդը պահել դուստրերի քոլեջի վարձը վճարելու համար:





























