Մարտի 25-ին Նոգինյան քաղաքային դատարանում պետք է կայանար 43-ամյա «օրենքով գող», «Վադիկ Կրասնոդարսկի» մականունով հայտնի Վադիմ Իվանենկոյի գործով առաջին դատալսումը: Նա մեղադրվում է թմրանյութերի պահման մեջ:
Սակայն դատավարությունը հետաձգվել է ամբաստանյալի չներկայանալու պատճառով:
Գրավի դիմաց ազատ արձակված Իվանենկոյի փաստաբանները բժշկական տեղեկանք են ներկայացրել, թե նա հիվանդ է եւ բուժվում է:
Ի դեպ, նույն այդ օրը Վադիմ Իվանենկոյին ձերբակալել են Կրասնոդարի մարզում եւ ամենեւին էլ ոչ հիվանդանոցում: Նա ժամանել էր խիստ ռեժիմի գաղութ` հանդիպելու «զոն նայողի» հետ: Չնայած նրան, որ «օրենքով գողը» դատական նիստի օրը գտնվում էր մեկուկես հազար կմ հեռավորության վրա` «բողկի պես առողջ» վիճակում, զրույցից հետո նրան ազատ են արձակել:





























